Տարեսկզբից ավելի քան 30 մարդ Ագենտինայում մահացել է դենգե տենդից, սա ամենաբարձր ցուցանիշն է երկրում հիվանդության բռնկման պատմության մեջ, տեղեկացրել է Clarin թերթը։

Թերթի տվյալներով՝ Արգենտինայում այս տարի ընդհանուր առմամբ գրանցվել է 32 մահվան դեպք։ Ամենից շատ տուժել են Սալտա եւ Տուկուման նահանգները, որտեղ տենդից մահացել է 10 եւ 8 մարդ՝ համապատասխանաբար։

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 7-ի դրությամբ դենգեով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 28 հազարը։ Մինչեւ այս տարի Արգենտինայի պատմության մեջ ամենալուրջն է համարվել 2020թ. բռնկումը, երբ այդ հիվանդությունից մահացել է 26 մարդ, վարակվել մոտ 60 հազար հոգի։

Դենգեն վիրուսային վարակ է, որը հաճախ հանդիպում է մերձարեւադարձային եւ ենթաարեւադարձային շրջաններում։ Ախտանշաններն են բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխի եւ գոտկատեղի ցավերը։