Գիտնականները հայտնաբերել են անհետացած ատամնավոր կետերի նոր տեսակներ։ Այս մասին տեղեկացրել է Չառլսթոնի քոլեջը։
Հինգ նոր գանգեր են հայտնաբերվել Հարավային Կարոլինայում, Չառլսթոնի մերձակայքում։ Երկու նոր տեսակներ՝ Coronodon planifrons եւ Coronodon newtonorum, հայտնաբերվել են մեկ երկրաբանական շերտում, եւ երկուսն էլ ապրել են ուշ օլիգոցենում՝ 25-23 մլն տարի առաջ։ Ավելի վաղ հայտնի տեսակը՝ Coronodon Havesteini-ն, ապրել է 30-28 մլն տարի առաջ եւ երկու նախորդ տեսակների հնարավոր նախնին է։ Coronodon planifrons-ը իր անվանումն ստացել է հարթ «ճակատի» պատճառով։ Coronodon newtonorum-ը մինչեւ վերջին գտածոն հայտնի էր միակ գանգով եւ ստորին ծնոտով, ոչ մեծ ատամներով եւ արտասովոր ձեւի բերանով, որից այնպես էր նայում, ասես մշտապես ծիծաղում է։
Coronodon Havesteini-ի նոր նմուշները ներառում են մեկ մեծ առանձնյակ եւ երկու ձագ։ Ձագերի հայտնաբերումը հատկապես կարեւոր է, քանի որ թույլ է տալիս հետեւել նրանց զարգացմանը կյանքի ընթացքում, ինչը որոշակի դեր է խաղում էվոլյուցիայի հետազոտման համար։ Ի տարբերություն ժամանակակից դելֆինների եւ բեղավոր կետերի, այս տեսակի մռութը աճի ժամանակ մնում է նույն եկարության եւ չի մեծանում տարիքին զուգընթաց։ Հավանաբար, դա կապված է նրա մեծ ատամների հետ։
Բացի այդ, պարզվել է, որ Coronodon կետերն ունեցել են մարմնի համեմատ չափից ավելի մեծ գլուխ եւ լողացել են ճիշտ այնպես, ինչպես ժամանակակից բեղավոր կետերը։ Նրանք նաեւ, հավանաբար, ճկուն կզակ են ունեցել եւ գանգի հոդեր, որոնք հարկավոր են պլանկտոնների ֆիլտրման համար։ Գիտնականների կարծիքով՝ այս դիտարկումները կարեւոր են՝ հասկանալու համար, թե ինչպես են կետերը որսից անցել ֆիլտրման իրենց բեղերի օգնությամբ։




























