Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Կլարկը կոչ է անում ապաքրեականացնել թմրանյութերի օգտագործումը և հրաժարվել թմրամոլների բանտարկումից, տեղեկացնում է Australian Associated Press-ը։
Կլարկը, որ ներկայումս Թմրաքաղաքականության գլոբալ հանձնաժողովի նախագահն է, կարծում է, որ դրա փոխարեն երկրները պետք է կառավարեն արգելված նյութերի օգտագործումը, ինչպես դա արվում է ալկոհոլի և ծխախոտի դեպքում։
Նրա առաջարկով, թմրանյութեր պահելու համար բռնված անձինք բանտարկության փոխարեն պետք է 100 դոլարի չափով տուգանք վճարեն կամ ուղարկվեն մասնակցելու թմրանյութերի կախվածությունից ազատվելու ծրագրերին։
Ըստ Կլարկի, մարդիկ թմրանյութեր օգտագործելու են անկախ օրենսդրական սահմանափակումներից, ուստի խորհրդարանականները պետք է ուշադրությունը կենտրոնացնեն դրանց անվտանգ օգտագործումն ապահովելու վրա։
ՄԱԿ-ի Թմրանյութերի ու հանցավորության հարցերով վարչության տվյալներով, թմրանյութ օգտագործողների թիվը 2020 թվականին հասել է 284 մլն մարդու։





























