ԱՄՆ զինված ուժերը Խարթումից տարհանել են ամերիկյան դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին, հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը։
«Այսօր, իմ հրամանի հանաձայն, ԱՄՆ զինված ուժերը Խարթումից ամերիկյան կառավարական անձնակազմի դուրս բերման գործողություն են իրականացրել»,- ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Սուդանի Արագ արձագանքման ուժերը հայտարարել էին, որ կիրակնօրյա գործողությանը, որ իրականացվել է վաղ առավոտյան, վեց ինքնաթիռ է մասնակցել, և որ այն կոորդինացրել է տարհանումը ԱՄՆ-ից։
Գործողության որոշ մանրամասներ մինչև հիմա պարզ չեն։
Սուդանից ինքնաթիռներով դուրս բերված մարդկանց թիվը հաստատված չէ։ Սակայն մինչև շաբաթօրյա գործողությունը CBS News հեռուստաալիքը հաղորդել էր շուրջ 70 պետական ծառայողների տարհանման ծրագրի մասին։
Բայդենը նաև հաստատել է, որ Խարթումի դեսպանատունը այժմ փակ է։ «Մենք ժամանակավորապես դադարեցրել ենք Սուդանում ԱՄՆ դեսպանության աշխատանքը»,- ասել է նա։
Նա շնորհակալություն է հայտնել Ջիբութիին, Եթովպիային և Սաուդյան Արաբիային՝ նշելով որ այդ երկրները «վճռական դեր են ունեցել մեր գործողութայն մեջ»։
Սա արդեն երկրորդ տարհանումն է անցած շաբաթ Սուդանի մայրաքաղաքում բռնության բռնկումից հետո, տեղեկացնում է BBC-ն։
Շաբաթ օրը ավելի քան 150 քաղաքացի, դիվանագետ և միջազգային պաշտոնյա էր ծովով տարհանվել Սաուդյան Արաբիայի Ջիդա նավահանգիստ։ Հիմնականում նրանք Պարսից ծոցի, Եգիպտոսի, Պակիստանի և Կանադայի քաղաքացիներ են եղել։





























