Վերջերս տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչ հնարավոր ծրագրեր ունի իր երկիրը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հետ հակամարտության ավարտից հետո, ՆԱՏՕ-ի երկրներից մեկի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյան և քաղաքական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչն ասաց․ «Ոչ մի։ Համենայն դեպս, քանի Պուտինը իշխանության է»։ Սա լուրջ սխալ կլիներ ոչ միայն Ռուսաստանին բնորոշ ներքին յուրահատկությունների, այլև ուրիշ երկրների հետ, հատկապես և ոչ միայն Չինաստանի հետ նրա հարաբերությունների պատճառով, կարծում է The National Interest-ի համար գրված «Ուկրաինայում պատերազմից հետո Արևմուտքը պետք է փոխգործակցի Ռուսաստանի հետ» հոդվածի հեղինակ Ջերալդ Հայմանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միանշանակ ուկրաինական նպատակ է առաջադրել․ «Մենք կանգ կառնենք միայն այն ժամանակ, երբ մեր երկիրը կվերադարձնենք 1991 թվականի սահմաններին։ Մենք ուկրաինական դրոշը կվերադարձնենք Ուկրաինայի յուրաքանչյուր անկյուն»։ Այս հասկանալի հավակնությունը գրեթե հաստատ ուկրաինական ուժերի ուժերից վեր է, նշում է հոդվածագիրը։
Սակայն ներկայումս քիչ հավանական է թվում նաև Ռուսաստանի համար ամբողջ Դոնբասը վերադարձնելը։ Եթե չդիմի իր տակտիկական միջուկային զինանոցին, նա չունի ռազմական ռեսուրսներ՝ զորքեր, տեխնիկա, զինապաշար, ղեկավարություն, ռազմավարություն կամ դա անելու ցանկություն։ Այդուհանդերձ, կողմերից ոչ մեկը (դեռ) չի ուզում հրադադար կնքել։
Ուկրաինական ուժերը պետք է ընդունակ լինեն այս տարվա ընթացքում բեկում առաջացնել իրադարձությունների ընթացքում և հասնել զգալի հաջողությունների՝ ռուսաստանյան զորքերը դուրս մղելով արևելքից ու հարավից։ Եթե չկարողանան դա անել, ապա պատերազմի ընթացքը, ամենայն հավանականությամբ, կփոխվի ոչ իրենց օգտին, այլ հօգուտ Ռուսաստանի կամ էլ պատերազմը փակուղի կմտնի։ Ուկրաինայի դաշնակիցները ստիպված կլինեն համագործակցել Կիևի հետ մինչև 2003 թվականը իրական ռազմավարություն մշակելու և պաշտպանելու և ցանկալի է ուկրաինացիների հաղթանակի հասնելու համար, գրում է The National Interest-ը։
Եթե Ռուսաստանի նկատմամբ ցասումն ու թշնամությունը դառնան ՆԱՏՕ-ի երկրների քաղաքականության առանձնահատկությունը, ապա արդյունքը կդառնա թշնամության գիծը Բարենցի ծովից սկսած դեպի ներքև Նորվեգիայի, Ֆինլանդիայի Էստոնիայի, Լատվիայի և Ուկրաինայի արևելյան սահմաններվ մինչև Սև ծով և կախված Թուրքիայի դիրքորոշումից, հնարավոր է, մինչև Միջերկրական ծով, փաստորեն արևելքում 450 մղոնի վրա սառը պատերազմի վերստեղծում։ Դա կնշանակի թշնամության սահմանագիծ ամբողջական քաղաքակրթությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը հսկայական բանակներ ու տնտեսություն ունի, ինչպես նաև միջուկային զենք, որն ընդունակ է միմյանց փշրված (իսկ հիմա նաև ռադիոակտիվ) բեկորների վերածել, ընդծում է Հայմանը։
«Ռուսաստանի հանդեպ ցասումը չի կարող քաղաքական գործիչներից պատնեշել այն, ինչ նա իրականում կա․ լայնատարած երկիր հսկայական մարդկային և բնական պաշարներով, հանրապետությունների ֆեդերացիա, ամենամեծ երկիրն աշխարհում, որն ընդգրկում է տասնմեկ ժամանակային գոտի, իսկապես, յուրատեսակ, ընքնըստինքյան կայսրություն։ Ավելին, այն երկար պատմություն ունի, Եվրասիայում մեծ գերտերության ինքնազգացողություն, իսկ կայսերական տարեգրությունը երեք հարյուրամյակ է հաշվում։ Այն շատ նշանակալի զինված ուժեր ունի, թեև հիմա դրանք խիստ հյուծված են, և ունի միջուկային զենք, որը կարող է ոչնչացնել հակառակորդին, նույնիսկ եթե միաժամանակ ոչնչանա նաև Ռուսաստանը։ Բացի այդ, եթե անգամ Ռուսաստանը մեկուսանա Արևմուտքից, այն չի կարող մեկուսանալ ամբողջ աշխարհից, ու թեև նա հսկայական գին կվճարի, եթե մեկուսանա Արևմուտքից, նրան մեկուսացնել փորձող երկրները նույնպես կվճարեն։ Եվ, վերջապես, ԱՄՆ շահերից չի բխում Ռուսաստանին Չինաստանի գրկում տեսնելը։
Անկասկած, լավագույն ռազմավարությունը Պուտինին (կամ նրա հետնորդին) համոզելն է տանելի կարգավորման բանակցությունների նստելու և դրա համար հստակ առավելություններ ներկայացնելը։ Այդ առավելություններից են գլոբալ առևտրին վերադառնալը, պատժամիջոցների դադարեցումը և, ի տարբերություն սառը պատերազմի ավարտից հետո, Պուտինի նկատմամբ որպես համաշխարհանին տերության վերաբերմունքը, ինչպիսին այն կա․․․»,- նշում է հոդվածագիրը։




























