Հյուսիսային Կոսովոյում սերբերը բոյկոտել են կիրակնօրյա տեղական ընտրությունները՝ ի նշան բողոքի, որ ավելի մեծ ինքնավարության իրենց պահանջները չեն բավարարվել, ինչը ևս մի ցուցիչ է, որ անցած ամիս Կոսովոյի և Սերբիայի միջև կնքված համաձայնությունը չի գործում, գրում է  Reuters-ը։

Հյուսիսային Կոսովոյի գլխավոր քաղաքական կուսակցությունը, որում գերակշռում են սերբերը, ուրբաթ սերբական համայնքին կոչ է արել կիրակի չմասնակցել քվեարկությանը։

Սերբիան և Կոսովոյի սերբերը նախքան քվեարկությանը մասնակցելը պահանջում են կոսովյան սերբերի քաղաքային վարչակազմերի ասոցիացիա ստեղծել՝ համաձայն ԵՄ միջնորդությամբ Պրիշտինայում Կոսովոյի կառավարության հետ տաս տարի առաջ կնքված համաձայնագրի։

Զգուշանալով հնարավոր բռնությունից՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է դպրոցներում քվեատեղամասեր բացելու ծրագրից և 13 վայրում քվեարկության համար շարժական տնակներ է տեղադրել, իսկ Լատվիայից և Իտալիայից ՆԱՏՕ-ի զորքերը, որ Կոսովոյում գտնվող ավելի քան 3000 խաղաղապահների կազմում են, քվեարկության վայրերում պարեկել են ճանապարհները։

Հյուսիսային Կոսովոյում շուրջ 50 000 սերբ է բնակվում, որոնք իրենց Սերբիայի մաս են համարում և Բելգրադն են ընդունում իրենց երկրի մայրաքաղաք։