Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Թեհրանի ռազմական գործունեության մասին արած արտահայտությունները՝ դրանք «իրանաֆոբիայի միջոցով ամերիկյան զենքի իրացման և տարածաշրջանի երկրների միջև պառակտում մտցնելու փորձեր» անվանելով, հաղորդում է Tasnim-ը։
Քանանին կտրուկ քննադատել է Բլինքենին Իրանի ռազմական գործունեությանը խանգարելու և Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի ծրագրերի վերաբերյալ նրա մեկնաբանությունների համար։
«Հակառակ ամերիկյան ռեժիմի պետքարտուղարի չարամիտ նկատառումների, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտադրում է արել տարածաշրջանային երկխոսության, համագործակցության և փոխգործակցության վրա՝ նպատակ ունենալով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի և անվտանգության ապահովումը, առանց օտարերկրյա միջամտության»,- նշել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ ավելացնելով, որ տարածաշրջանում «դրական և առաջադիմական իրադարձություններն» արտացոլում են Իրանի այդպիսի քաղաքականությունը։
«Իրանի ռազմական ծրագիրը բացառապես պաշտպանական և զսպող բնույթ ունի և ուղղված չէ որևէ երկրի դեմ, որը չի դիտարկում Իրանի դեմ ագրեսիան»,- ընդգծել է նա։
Նա նշել է, որ տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի «չմտածված և սխալ միջոցառումները» եղել են տարածաշրջանում անվտանգության բացակայության, անկայունության և պատերազմների նախապատճառը։
Վերջում Քանանին խորհուրդ է տվել ԱՄՆ կառավարությանը դադարեցնել տարածաշրջանի երկրների հարցերում «սխալ, միջամտող և անպատասխանատու դիրքորոշումը և թույլ տալ, որ կայունության և հանգստության ամրապնդման գործընթացը գնա իր հունով տարածաշրջանի երկրների համագործակցության և փոխգործակցության պայմաններում»։





























