Ղազախստանը 2023 թվականին Հաղթանակի օրը ռազմական շքերթ չի անցկացնի՝ հանուն բյուջետային միջոցների տնտեսման, հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«2023 թվականին Ղազախստանում ռազմական շքերթի անցկացում չի նախատեսվում բյուջետային միջոցների խնայողության, ինչպես նաեւ այլ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված»,-ասել է նախարարության ներկայացուցիչը եւ առաջնահերթություն համարել Ղազախստանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտունակության եւ շարժունակության պահանջվող մակարդակի պահպանումը։

«Ներկայումս պաշտպանության նախարարության կողմից պլանավորվել եւ անցկացվում են ռազմահայրենասիրական միջոցառումներ, աշխատանքներ են տարվում պատերազմում զոհված ղազախ զինվորների հիշատակը հավերժացնելու եւ նրանց սխրանքները ԶԼՄ-ներում լուսաբանելու ուղղությամբ։ Մայիսի 7-ին եւ 9-ին այլ միջոցառումներ անցկացնելու մասին տեղեկատվությունը առաջիկայում կհրապարակվի նախարարության կայքում»,-հավելել է նախարարությունը։

2020 եւ 2021 թվականներին կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Հաղթանակի օրվա եւ Հայրենիքի պաշտպանի օրվա ռազմական շքերթները։

Ղազախստանում մայիսի 7-ին նշում են պետական տոնը՝ Հայրենիքի պաշտպանի օրը, իսկ մայիսի 9-ին՝ պետական տոնը՝ Հաղթանակի օրը: