Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ընդունեց ՖրանսիայիՀանրապետության Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեին:

Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության 2023-2027 թվականների պայմանագրի կետերը՝ վերահաստատելով, որ ցանկանում են նախորդ տարիների համագործակցության արդյունքների, երկխոսության և փորձի փոխանակման հիման վրա շարունակել հետագա համագործակցությունը՝ Գեղարքունիքի մարզի  սոցիալական, տնտեսական և մշակութային կայուն զարգացմանը նպաստելու համար:

Սույն պայմանագրում ամրագրված համագործակցության առանցքները վերաբերում են Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ինստիտուցիոնալ փորձի փոխանակմանը, Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտի որակական բարելավմանը և բուժօգնության հասանելիությանը, Գեղարքունիքի մարզում տուրիզմի կայուն զարգացման գործոնի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆրանսերենի ուսուցմանը, ինչպես նաև մարզի համայնքներում մշակութային միջոցառումների իրականացմանը։

Կողմերը հավաստեցին, որ ցանկացած այլ բնագավառ, որը կարող է հետագայում համագործակցության ծրագրում ներառվելու հավանականություն ունենալ, առանձին կքննարկվի պայմանագիրը ստորագրողների կողմից։ Համագործակցությունը կիրականացվի երկրներից յուրաքանչյուրում գործող օրենքներին համապատասխան:

Քննարկումից հետ ստորագրվեց 2023-2027թվականների  համագործակցության նոր պայմանագիրը՝ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի միջև: Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեն փոխանակվեցին հուշամեդալներով և հուշանվերներով։

Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման և երկու երկրների կողմից վերջինիս վավերացման պահից և կգործի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։