Վաշինգտոնը հարկադրական մեթոդներ է կիրառում իր դաշնակիցների նկատմամբ՝ նրանց համոզելով միանալ Չինաստանի տեխնոլոգիական զսպմանը։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով Հարավային Կորեային ուղղված ԱՄՆ-ի խնդրանքը՝ միանալու Չինաստանի դեմ տեխնոլոգիական սահմանափակումներին։

«Իր հեգեմոնիան եւ իր շահերը պաշտպանելու համար Միացյալ Նահանգները պարտադրում է խզել կապերն ու շղթաները եւ չի խորշում ստիպել իր դաշնակիցներին համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ Չինաստանին զսպելու համար», - ասել է Մաո Նինը:

Նա Վաշինգտոնի գործողություններն անվանել է «տեխնոլոգիական հալածմանն ու առեւտրային պրոտեկցիոնիզմին բնորոշ պրակտիկա»:

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տունը խնդրել է Կորեայի Հանրապետության կառավարությանը համոզել Samsung Electronics եւ SK Hynix ընկերություններին Չինաստանում ամերիկյան Micron Technology կիսահաղորդիչներ արտադրող ընկերության գործունեության արգելքի դեպքում չինական շուկայում իրենց արտադրանքով չլրացնել հնարավոր պակասը։