Ռուսական նավերը Իրանից մեծ քանակությամբ հրետանային արկեր եւ այլ զինամթերք են տեղափոխում Կասպից ծովով՝ Ուկրաինայում կռվող զորքերի պաշարները համալրելու համար։
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պաշտոնական հայտարարություններն ու փաստաթղթերը, վերջին վեց ամիսների ընթացքում ռուսական բեռնանավերը Իրանից Ռուսաստան են տեղափոխել ավելի քան 300 հազար հրետանային արկեր եւ մեկ միլիոն փամփուշտ: Ըստ իրազեկ աղբյուրների՝ մատակարարումների վերաբերյալ տվյալները փոխանցել է ԱՄՆ-ն։
Մերձավոր Արեւելքում պաշտոնյաների խոսքով՝ Ռուսաստանի համար իրանական զենքի վերջին խմբաքանակն ուղարկվել է մարտի սկզբին ռուսական «Ռասուլ Գամզատով» բեռնանավով։ Նավը տեղափոխել է 1000 կոնտեյներ՝ 2000 հրետանային արկերով։
Նշվում է, որ ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը եւ ՌԴ պաշտպանության նախարարությունը չեն պատասխանել այս հարցի վերաբերյալ հարցումներին։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից:





























