Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուդանում զինված հակամարտության կողմերին առաջարկել է բանակցություններ անցկացնել Անկարայում եւ քննարկել հակամարտության դադարեցման պայմանները, հայտնում է Sudan Tribune-ը։

Երկրի փաստացի առաջնորդ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի գլխավորությամբ Սուդանի զինված ուժերի եւ Արագ արձագանքման ուժերի հրամանատար Մուհամեդ Համդան Դագալոյի միջեւ, որը հայտնի է Հեմեթի անունով, հակամարտությունը ապրիլի 15-ի առավոտյան անցել է բաց փուլ։

Սուդանական հրատարակության համաձայն՝ վերջին երկու օրվա ընթացքում բանակցություններ կազմակերպելու համար Էրդողանը բազմիցս զանգահարել է Հեմեթիին եւ ալ-Բուրհանին։ Կողմերը դեռ հանրությանը չեն տեղեկացրել առաջարկի վերաբերյալ իրենց վերաբերմունքի մասին, սակայն ապրիլի 23-ին արագ արձագանքման ուժերի ղեկավարն ասել է, որ պատրաստ է երկխոսություն վարել Սուդանի զինված ուժերի հրամանատարության «հարգելի» անդամների հետ, բայց ոչ ալ-Բուրհանի հետ։