Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Աստանայի դատարանի մամուլի կենտրոնը։

Դատավճիռը հրապարակվել է ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաքի քրեական գործերով մասնագիտացված միջշրջանային դատարանում։ Գործը քննվել է «Հույժ գաղտնի» մակագրությամբ։

Քարիմ Մասիմովը մեղավոր է ճանաչվել պետական ​​դավաճանության մեջ (Ղազախստանի ՔՕ 175-րդ հոդվածի 1-ին մաս), իշխանությունը բռնի զավթելու (179-րդ հոդվածի 3-րդ մաս), ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները  եւ իշխանությունը չարաշահելու համար (ՔՕ 362-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ):

«Մասիմովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ ցմահ զրկվելով քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից», - հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում։

Քարիմ Մասիմովը համարվում էր երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը եւ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մտերիմներից էր։ Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության վարչապետի, Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ղազախստանի նախագահի օգնականի պաշտոնները։

Մասիմովը կալանավորվել է 2022 թվականի հունվարի 8-ին՝ ամսվա առաջին օրերին Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններից հետո։ Մի քանի օր առաջ նա ազատվել էր ԿԱԱ-ի նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2016 թվականի սեպտեմբերից։