Ուկրաինան մտադիր է մինչեւ ապրիլի վերջ մոտ 4 հազարական զինվորով 12 բրիգադ պատրաստել, իսկ մայիսին պլանավորում է սկսել իր հակահարձակումը։ Այս մասին գրել է  The New York Times թերթը՝ հղում կատարելով Պենտագոնի՝ ցանցում հայտնված գաղտնի փաստաթղթերին եւ այլ աղբյուրների։

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները ուսուցանում եւ մատակարարում են ինը ուկրաինական բրիգադ, նշվել է հոդվածում։

Չնայած Ուկրաինան ամերիկյան պաշտոնատար անձանց քիչ մանրամասների մասին է տեղեկացրել իր օպերատիվ պլանի վերաբերյալ, գործողությունն, ամենայն հավանականությամբ, կսկսվի երկրի հարավում, այդ թվում Ազովի ծովում Ուկրաինայի ափի երկայնքով, Ղրիմից ոչ հեռու, նշել է NYT-ը։

Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուի կարծիքով՝ այդ հակահարձակումից է կախված ամեն բան, եւ այն կորոշի, թե արդյոք Կիեւի համար արժանի ելք կլինի՝ «մարտադաշտում տարածքի վերականգնման եւ բանակցությունների միջոցով որեւէ կարգավորման շատ ավելի զգալի լծակների ստեղծման տեսանկյունից»։

Թերթի հոդվածում նշվել է նաեւ, որ թեեւ ուկրաինացի պաշտոնյաները հայտարարում են, որ Ուկրաինայի ԶՈւ-ի նպատակն այն է, որպեսզի «ճեղքվի ռուսական պաշտպանությունը եւ ռուսական բանակի զանգվածային տապալում իրականանա», ամերկիկացի պաշտոնյաները քիչ հավանական են համարում Ուկրաինայի օգտին իրավիճակի կտրուկ փոփոխությունը հակահարձակման դեպքում։