Սուդանում զինված հակամարտության ֆոնին Գերմանիան այդ երկիր կուղարկի բունդեսվերի 1 600 զինծառայողի, նրանց առաքելությունը կավարտվի մայիսի 31-ին, երեքշաբթի՝ ապրիլի 25-ին տեղեկացրել է Der Spiegel պարբերականը՝ հղում կատարելով առաքելության՝ բունդեսթագ ուղարկված մանդատի նախագծի պատճենին։ Գերմանիայի կառավարության աղբյուրները Reuters գործակալությանը հաստատել են այն տեղեկությունները, որոնք վերաբերում են Սուդանում բունդեսվերի առաքելության ծավալներին եւ ժամկետներին։

Մանդատի նախագծում նշվել է, որ «կոնկրետ գորոծղությունների իրականացման» նպատակով եւ արտակարգ իրավիճակներում նախատեսված թվաքանակը կարող է ավելացվել սահմանափակ ժամկետով։ Der Spiegel-ի տեղեկացմամբ՝ բունդեսթագը քվեարկությունն այս հարցի վերաբերյալ կանցկացնի արդեն այս շաբաթ։ Պատգամավորները զուգահեռ, հետին թվով կհաստատեն Սուդանից Գերմանիայի եւ այլ երկրների մոտ 400 քաղաքացիների արդեն իրականացված տարհանումը։

Der Spiegel-ի հաղորդման մեջ նշվել է, որ Գերմանիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները նախատեսում են ապահովել գերմանացի զինվորներին ուժեղ մանդատով, որը թույլ կտա զենք կիրառել առաջադրված խնդիրները կատարելու համար։ Գերմանիայի կառավարությունը սա բացատրում է Սուդանում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակով։ Այդ երկրում կանոնավոր բանակի (հրամանատար՝ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհան) եւ արագ արձագանքման ուժերի (գլխավորում է Մոհամեդ Համդան Դագլոն) միջեւ արյունահեղ պայքար է ընթանում իշխանության համար։