Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Չինաստանի վարչապետ Լի Ցյանին հրավիրել է Բեռլին՝ բանակցելու: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպումը նախատեսված է հունիսի 20-ին:

Գործակալությունը նշում է, որ Գերմանիան «ձգտում է թուլացնել լարվածությունը Եվրոպայի եւ Չինաստանի միջեւ»: 

Ըստ Bloomberg-ի՝ Շոլցը կձգտի ստանալ Պեկինի աջակցությունը «որպես առանցքային գործընկեր»՝ լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ինչպես նաեւ «կարմիր գծեր» սահմանել Թայվանում ստատուս քվոյի ցանկացած փոփոխության համար:

«Եվ չնայած Գերմանիան Պեկինին որոշակի առումներով դիտարկում է որպես հակառակորդ, Շոլցը դեմ է Չինաստանի հետ կապերի խզմանը, որը կարեւոր գործընկեր է եւ գերմանական արտահանման կարեւորագույն նշանակետ»,-ասվում է հոդվածում:

Ավելի վաղ Der Spiegel պարբերականը գնահատել էր Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի եւ նրա չինացի գործընկեր Ցին Հանի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Պեկինում: Փորձագետների կարծիքով՝ նրանց հայտարարությունների հակադրությունը շատ ուժեղ էր։ Վերլուծաբանները նաեւ երկու պետությունների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը անվանել են համաշխարհային քաղաքականության վերաբերյալ Գերմանիայի եւ Չինաստանի տեսակետների դիմակայության թատերաբեմ:

ՉԺՀ Կոմկուսի կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին Բերբոքի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը հույս ունի ստանալ գերմանական իշխանությունների աջակցությունը Թայվանի հետ հայրենիքի վերամիավորման հարցում: