Սուդանի զինված ուժերի եւ արագ արձագանքման ուժերի միջեւ բախումների հետեւանքով զոհվել է 459 մարդ, 4 072 հոգի վիրավորվել է, տեղեկացրել է Սուդանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Նիմա Սայիդ Աբիդը ՄԱԿ-ում ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ (Ժնեւ)։
«2023թ. ապրիլի 24-ի դրությամբ Սուդանում զոհվածների թիվը հասել է 459-ի, կա 4 072 վիրավոր, բայց իրական թվերն, անշուշտ, ավելի բարձր են»,- ասել է նա։
ԱՀԿ-ի ներկայացուցիչը հաստատել է բուժհաստատությունների դեմ հակամարտության սկզբից կատարված 14 հարձակման մասին, որոնց հետեւանքով մահացել է 8, վիրավորվել 2 մարդ։
«Բուժհաստատությունների եւ բուժանձնակազմի դեմ հարձակումները պետք է դատապարտվեն եւ դադարեցվեն»,- ավելացրել է Աբիդը։
Սուդանում ապրիլի 15-ից արագ արձագանքման ուժերի (հրամանատար՝ Մուհամեդ Համդան Դագլո) եւ կանոնավոր բանակի միջեւ մարտեր են ընթանում։




























