ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը «բանավեճի փուլում», որտեղ նրանք կարող են «համեմատել ձեռքբերումները», հաղորդում է Fox News-ը:
Թրամփն ընտրապայքարին մասնակցում է Հանրապետական կուսակցությունից, իսկ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրորդ անգամ առաջադրվելու է Դեմոկրատական կուսակցությունից։
Թրամփը նաեւ Բայդենի նախագահությունն անվանել է «աղետալի» եւ «ձախողված»։ «Դուք կարող եք վերցնել ամերիկյան պատմության հինգ վատագույն նախագահներին եւ միացնեք իրար, եւ նրանք չեն հասցնի այն վնասը, որը Ջո Բայդենը հասցրել է մեր երկրին ընդամենը մի քանի տարվա ընթացքում»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Թրամփը քննադատել է նախագահի գործողությունները տնտեսության եւ գնաճի, անօրինական ներգաղթի, Աֆղանստանից հեռանալու եւ այլնի վերաբերյալ՝ Բայդենին անվանելով «ամերիկյան պատմության ամենակոռումպացված նախագահ»։
Նախկին նախագահը մեղադրել է իր իրավահաջորդին համաշխարհային ասպարեզում Ամերիկային նվաստացնելու մեջ եւ ասել, որ Ուկրաինայում հակամարտությունը տեղի չէր ունենա, եթե ինքը դեռ իշխանության լիներ։ «Ջո Բայդենը մեզ հասցրեց երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»,- ասել է Թրամփը։ «Նման աղետալի եւ ձախողված նախագահության դեպքում գրեթե անհավանական է, որ Բայդենը նույնիսկ մտածի վերընտրվելու մասին», - ասել է Թրամփը:




























