Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ դաշինքը դադարեցնի արդարացումները եւ սկսի մի գործընթաց, որը կհանգեցնի Ուկրաինայի վերջնական անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ ցույց տալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա արդեն ձախողվել է, եւ ստիպելով նրան չափավորել իր հավակնությունները: Այս մասին Foreign Affairs ամսագրում իր հոդվածում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
«Այս ամբողջ պատերազմի ընթացքում մենք ցույց ենք տվել, որ մենք ավելի քան պատրաստ ենք անդամակցությանը, եւ որ մենք շատ բան ունենք առաջարկելու դաշինքին։ Մեզ անհրաժեշտ է հստակ գրավոր հայտարարություն դաշնակիցներից, որտեղ շարադրված կլինի անդամակցության ճանապարհը»,-գրել է նա։
Իր հոդվածում Ուկրաինայի արտգործնախարարը նշում է, որ կասկածի տակ չի դնում ՆԱՏՕ-ի ներկայիս պարտավորություններն Ուկրաինայի հանդեպ, սակայն կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ի ռազմավարությունը Ուկրաինայի եւ եվրատլանտյան տարածքի երկարաժամկետ անվտանգության նկատմամբ:





























