Հնդկաստանը եւ Իրանը հաստատել են համապարփակ գործընկերությունը՝ հիմնված ամուր փոխադարձ վստահության վրա, եւ աշխատանքներ են տարվում ապագայում երկկողմ ռազմական համագործակցությունը նոր ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության հետախուզական վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դինեշ Սինգհ Ռանան Հնդկաստանում Իրանի բանակի օրվա կապակցությամբ կազմակերպված ծրագրի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է հնդկական ANI լրատվական գործակալությունը:
«Վստահ եմ, որ մեր բարեկամությունն առաջիկա տարիներին կշարունակի աճել եւ ամրապնդվել»,-հավելել է նա։
Հնդիկ գեներալ-լեյտենանտը, որը միջոցառման գլխավոր հյուրն էր, հիշեցրել է երկու երկրների փոխգործակցության երկար պատմության մասին:
«Հնդկական եւ իրանական մշակույթն ու կրոնական ավանդույթները տարիների ընթացքում աճել եւ զարգացել են: Իրանը եւ Հնդկաստանը ունեն համապարփակ գործընկերություն՝ հիմնված ուժեղ փոխադարձ վստահության վրա, եւ պաշտպանական ոլորտում համագործակցությունն այդ գործընկերության կարեւոր մասն է»,-ասել է նա։
«Վերջին շրջանում երկու երկրների միջեւ պաշտպանական փոխգործակցությունն ընդլայնվել է։ Երկու կողմերն էլ հաճախում են մի շարք մասնագիտական ռազմական դասընթացների, ինչը մեծացնում է փոխգործակցության մակարդակը»,-ասել է Ռանան։
Հնդկաստանում Իրանի դեսպան Իրաջ Էլահիի խոսքով՝ Իրանի պաշտպանության նախարար Մոհամմեդ Ռեզա Գարային նույնպես կայցելի Հնդկաստան՝ մասնակցելու ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն-խմբ.) երկրների պաշտպանության նախարարների նիստին, որը նախատեսվում է կազմակերպել առաջիկա շաբաթվա ընթացքում:





























