Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը, ով մինչեւ վերջերս գտնվում էր Խարտումի Քոբար բանտում, քրեակատարողական հիմնարկից հոսպիտալ է տեղափոխվել մինչեւ մայրաքաղաքում ծանր մարտերի սկսվելը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սուդանի բանակի պաշտոնական հայտարարությունը։

«Օմար ալ-Բաշիրը եւ նրա նախկին ենթականերից մի քանիսը տեղափոխվել են Ալիյա հոսպիտալ բուժման մինչեւ բախումների սկսվելը», - նշվում է հաղորդագրությունում։ Բանակի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պետության նախկին ղեկավարը գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր ալ-Բաշիրին բանտից հիվանդանոց տեղափոխելու մասին՝ վկայակոչելով բուժհաստատության աղբյուրներին։

Ալ-Բաշիրը Սուդանը ղեկավարել է 1989 թվականից մինչեւ 2019 թվականի ապրիլը, երբ ռազմական հեղաշրջման արդյունքում հեռացվեց իշխանությունից։ Դրանից անմիջապես հետո նոր իշխանությունները հայտարարեցին, որ չեն պատրաստվում նախկին նախագահին հանձնել Հաագայի Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) եւ դատելու են նրան հայրենիքում։

Սակայն մեկ տարի անց Խարտումը փոխեց իր դիրքորոշումը եւ հայտարարեց ՄՔԴ-ի հետ համագործակցելու լիակատար պատրաստակամության մասին։ ՄՔԴ-ն 2009-2010 թվականներին երկու հրամանագիր էր տվել ալ-Բաշիրին ցեղասպանության, ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով կալանավորելու համար: Պետության նախկին ղեկավարը կասկածվում է 2003-ից 2008 թվականներին Դարֆուր նահանգում անկարգությունները ճնշելու եւ ֆուր, մասալիտ եւ զագհավա ազգությունների խաղաղ բնակչությանը ոչնչացնելու հրաման տալու մեջ: