Չեխիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ։ Նա դարձել է առաջին ռուսաստանցին, որը հայտնվել է երկրի ազգային պատժամիջոցների ցուցակում, գրում է Aktualne.cz-ն։
Արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին՝ մեկնաբանելով պատրիարքի ընդգրկումը պատժամիջոցների ցուցակում, հայտարարել է, որ նա արդարացնում էր «Ուկրաինայում ռուսական ագրեսիան» իր քարոզների եւ հրապարակային ելույթների միջոցով: Բացի այդ, նախարարը հիշեցրել է, որ ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարն արդեն գտնվում է Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Լիտվայի եւ Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակներում, եւ որ Չեխիան հենվում է այդ երկրների որոշումների վրա:
Չեխիայի պատժամիջոցները ենթադրում են երկիր մուտքի արգելք եւ ցանկացած գույքի սառեցում։ Միջոցառումների իրականացման համար պատասխանատու է Չեխիայի ֆինանսական վերլուծության վարչությունը (FAÚ): Ռուս ուղղափառ եկեղեցին պատրիարքի դեմ պատժամիջոցները համարում է Ուկրաինայում իրավիճակի սրման հասնելու եւ խաղաղության ձեռքբերումը հետաձգելու փորձ:





























