Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս I-ը գաղտնի դուստր ունի, որը ծնվել է նախկին միապետի եւ իրենից տարիքով մի փոքր մեծ արիստոկրատ կնոջ արտաամուսնական կապի արդյունքում, հինգշաբթի հայտնել է El Confidencial թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ արքայադուստր Ելենայի (1963), արքայադուստր Քրիստինայի (1965) եւ ապագա թագավոր Ֆիլիպ VI-ի (1968) ծնվելուց հետո 1970-ականների վերջին-1980-ականների սկզբին ծնվել է Խուան Կառլոսի չորրորդ երեխան՝ դուստր Ալեխանդրան։

«Նա ամուսնացած է, ունի որդի եւ երբեք չի դիմել ժառանգության իրավունքի համար», - գրում է  թերթը։

Նշվում է, որ կինը մեծացել է՝ չիմանալով, թե ով է իր իսկական հայրը, իսկ երբ իմացել է, որոշել է ապրել սովորական կյանքով։

Սակայն ավելի ուշ Ալեխանդրան կապ է հաստատել Խուան Կառլոս I-ի հետ, որը ցանկացել է հանդիպել նրա հետ եւ պահպանել հարաբերությունները։ Նշվում է նաեւ, որ թագավորը մշտապես նրան գաղտնի ֆինանսապես աջակցել է։

Հրապարակման համաձայն, երբ ապագա թագավոր Ֆիլիպ VI-ը երիտասարդ էր, Խուան Կառլոս I-ը վախենում էր, որ նա կարող է հանդիպել իր խորթ քրոջը եւ նրանք կսիրահարվեն՝ չիմանալով, որ բարեկամներ են։ Այդ պատճառով միապետի շրջապատից մի քանի մարդ տեղեկացվել էր գաղտնի երեխայի մասին։

Խուան Կառլոսը հրաժարվել է գահից 2014 թվականին իր որդու Ֆիլիպի օգտին, սակայն պահպանել է թագավորի տիտղոսը։ 2020 թվականի մարտին կոռուպցիոն սկանդալի պատճառով Ֆիլիպ VI-ը որոշում էր ընդունել զրկել հորը Թագավորական տան բյուջեի միջոցներից, ինչպես նաեւ հրաժարվել է ժառանգությունից։ 2020 թվականի օգոստոսին Խուան Կառլոսը Իսպանիայից մեկնել է ԱՄԷ։ Նա որոշել է դեռ չվերադառնալ հայրենիք, այլ մնալ Աբու Դաբիում, ինչը հետեւում է որդուն ուղղված նամակից, որը հրապարակվել է 2022 թվականի մարտին։