Թայվանը վերջին մեկ օրում կղզու մոտ գրանցել է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 38 թռչող սարք եւ 6 նավ։ Այս մասին նշվել է կղզու պաշտպանության նախարարության հաղորդագրությունում, որն ուրբաթ տեղակայվել է Թվիթերում։
«Այսօր ժամը 06.00-ի դրությամբ Թայվանի շուրջ հայտնաբերվել են Չինաստանի բանակի 38 թռչող սարք եւ 6 նավ»,- նշվել է հայտարարությունում։ 19 թռչող սարք մտել է Թայվանի ՀՕՊ ճանաչման գոտի հարավարեւմտյան, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան մասերից, ինչպես նաեւ հատել է Թայվանի նեղուցի այսպես կոչված Միջին գիծը։ Դրանց թվում են Սու-30, J-10, J-16 կործանիչները, TB-001 ռազմական անօդաչուն, BZK-005 տեսակի հետախուզական անօդաչուն, ինչպես նաեւ Y-8 ռադիոլոկացիոն հետախուզության ինքնաթիռը։ Թայվանի զինվորականներն ի պատասխան օդ են բարձրացրել պարեկ, ռադիոնախազգուշացումներ են արել եւ պատրաստ վիճակի բերել զենիթահրթիռային համալիրները։
Չինաստանի բանակը ապրիլի 80-10-ին զորավարժություններ է անցկացրել Թայվանի նեղուցում, ինչպես նաեւ կղզուց հյուսիս, հարավ եւ արեւելք ընկած ջրավազանում։ Դրանք անցել են «Միավորված սրածայր թուր» անվանմամբ, զուգահեռ կատարվել է պարեկում Թայվանի շուրջ։
Զորավարժությունները Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի՝ «տարանցմամբ» ԱՄՆ այցելության պատասխանն էին։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մակքարտին ապրիլի 5-ին հանդիպում է ունեցել նրա հետ։ Ամերիկյան կողմը հայտարարել է Թայվանին զենք վաճառելու շարունակման անհրաժեշտության մասին։ Չինաստանի ԱԳՆ-ն այս առնչությամբ բողոք է հայտնել՝ հայտարարելով, որ Պեկինն արդյունավետ եւ վճռական պատասխան միջոցներ կձեռնարկի։
Չինաստանի բանակը մշտապես Թայվանի շրջան է ուղարկում իր նավերն ու ինքնաթիռները՝ նեղուցի երկու ափերի միջեւ լարվածության սրման ֆոնին։ Լարվածությունն առաջացել է անցած տարվա օգոստոսի 2-3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցից հետո։ Դրանից հետո Թայվան են այցելել ամերիկացի օրենսդիրների եւ նահանգապետերի էլի մի քանի պատվիրակություններ։ Չինաստանում կարծում են, որ այդ այցելությունները սադրանք են, միջամտություն Չինաստանի ներքին գործերին եւ աջակցություն թայվանցի անջատողականներին։
Չինական ամենամեծ Թայվան կղզին ունի սեփական վարչակազմ 1949-ից, բայց Պեկինում այն համարում են միասնական երկրի անքակտելի մասը։ Վաշինգտոնը Թայբեյի համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գլխավոր մատակարարն է մնում։




























