Իրանը դատապարտում է պատերազմի հրահրումը եւ միակողմանի պատժամիջոցները, նախապատվությունը տալիս է երկխոսությանն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Վիեննայում ՄԱԿ եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը։
«Իրանի Իսլամական Հանրապետության, որը դարձել է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի պարտադրած պատերազմի, սպառնալիքների ու միակողմանի պատժամիջոցների զոհը, սկզբունքային դիրքորոշումը ՄԱԿ Կանոնադրության եւ միջազգային իրավունքի հարգումն է, ներառյալ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան հավասարությունը։ Իրանը դատապարտում է պատերազմը եւ միակողմանի պատժամիջոցները, նախապատվությունը տալիս է երկխոսությանը եւ դիվանագիտությանը պետությունների միջեւ վեճերը լուծելիս»,- ասել է դիվանագետը։
Նա նաեւ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «դատապարտում է Միացյալ Նահանգների եւ որոշ այլ արեւմտյան երկրների՝ սառը պատերազմի ժամանակների հեգեմոնիստական մենթալիտետն ու միակողմանի մոտեցումը, որոնք արտահայտվում են ազգային քաղաքականությունում եւ տարածաշրջանային դաշինքներում», ինչպիսին է ՆԱՏՕ-ն, «ինչը դարձել է աշխարհում շատ ճգնաժամերի, ներառյալ Ուկրաինայի ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը»։





























