Ապրիլի 28-ին ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի խոսքը Վաշինգտոնի եւ Ռուսաստանի ժողովրդի միջեւ տարաձայնությունների բացակայության մասին, գրում է «Իզվեստիան»-ն։
Ինչպես նշել է Զախարովան, ամերիկացի դեսպանի հայտարարությունը չի համապատասխանում ԱՄՆ-ի քաղաքականությանը։
«Ռուսաստանի ժողովրդին սպանում են ԱՄՆ-ի ուղղորդմամբ, Միացյալ Նահանգների փողերով, Միացյալ Նահանգների զենքով»,- Telegram-ի ալիքում գրել է նա։
Ընդ որում, Զախարովայի խոսքով, այս ամենն իրականացվում է ռեժիմի ձեռքերով, որը իշխանության է եկել Վաշինգտոնի գործողությունների հետեւանքով առաջացած պետական հեղաշրջման արդյունքում։
Նախօրեին Թրեյսին հարցազրույց էր տվել «Կոմերսանտ»-ին, որում վստահեցրել էր, որ ոչ միայն ռուս ժողովրդի հետ տարաձայնություններ չկան, այլեւ ասել էր, որ ԱՄՆ-ն ռուսաստանցիների կյանքը վատթարացնելու նպատակներ չունի։ Նա նաեւ իր դժգոհությունն էր հայտնել Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում օգտագործվող «անգլոսաքսոններ» տերմինի առնչությամբ։ Նրա խոսքով՝ այս բառն իրեն տարօրինակ ու միջնադարյան է թվում։





























