Սուդանի բանակի եւ արագ արձագանքման ուժերի ջոկատների (հատուկ նշանակության ջոկատներ) միջեւ զինված բախումների մեկնարկից ի վեր զոհվել է շուրջ 400 քաղաքացիական անձ:
Նման տվյալներ է ներկայացրել Սուդանի բժիշկների արհմիությունը։
«Սուդանում բանակի եւ հատուկջոկատայինների միջեւ զինված բախումների հետեւանքով զոհվել է 387 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 1928 քաղաքացիական անձ»,-հայտնել է Սուդանի բժիշկների արհմիությունը։ Հայտարարությունը մեջբերում է Asharq հեռուստաալիքը:
Անցած գիշեր հակամարտության կողմերը համաձայնել են երկարաձգել գործող հումանիտար հրադադարը եւս 72 ժամով: Ավելի վաղ սահմանված հրադադարի ռեժիմը՝ նույնպես երեք օրով, անընդհատ խախտվում էր մարտական բախումներով, որոնց հրահրման մեջ կողմերը մեղադրում էին միմյանց:
Հակամարտող կողմերի միջեւ մարտերը շարունակվում են Օմդուրմանում, Հարթումի հյուսիսային մի քանի արվարձաններում: Ծանր սպառազինության կիրառմամբ կատաղի բախումներ են տեղի ունենում Դարֆուրի շրջանում, որը գտնվում է երկրի արեւմուտքում:




























