Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ չի ցանկանում պատերազմել։

Բելառուսի պետության ղեկավարն ուրբաթ աշխատանքային այց է կատարում Գոմելի մարզի Վետկովյան շրջան։ Հավաքված մարդիկ շատ են խոսել երեխաների եւ թոռների համար խաղաղության եւ հանգիստ կյանքի կարեւորության մասին։

«Ես պատերազմել չեմ ցանկանում։ Ես միշտ զարմանում եմ, երբ սկսում են խոսել պատերազմի առիթով։ Այստեղ՝ Գոմելում, մարդիկ լարված են։ Այո, Գոմելի մարզը եւ Բրեստի մարզը դարձել են ճակատամերձ։ Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պատրաստվում է պատերազմել մեր դեմ։ Ինչ կարող ես անել, այնտեղ խենթուխելառները շատ են... Պատերազմ է այնտեղ։ Դրա համար էլ՝ դուք մի մտածեք, որ ես ուզում եմ այստեղ ինչ-որ պատերազմ սկսել»,- նախագահի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոն ընդգծել է գլխավոր նպատակը՝ խաղաղության պահպանումը, նորմալ, հանգիստ կյանքի գերակայությունը։ «Միշտ ասում եմ. ավելի լավ է դաշտում կռվել, քան այնտեղ։ Դուք դա ինձնից լավ գիտեք։ Դուք դարձել եք ճակատամերձ մարզ»,- նշել է նախագահը։

«Ուզում եմ ընդգծել. մենք խաղաղ մարդիկ ենք, եւ ուրիշի հողը մեզ պետք չէ»,- ավելացրել է Բելառուսի ղեկավարը։