Տարածքային ամբողջականության հարգումը նշանակում է հրաժարում ուժային մեթոդներից։ Այս մասին ապրիլի 28-ին Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ խոսելով Բաքվի գործողությունների մասին։
Ֆրանսիացի նախարարը նշել է տարածաշրջանի դժվարությունների եւ մարտահրավերների մասին, հաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ օժանդակելու խաղաղության ձեռքբերմանը՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի հետ միասին, որոնք կարող են օգտակար դեր խաղալ գործընթացում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, չի հիշատակել ՌԴ-ն։
Կատրին Կոլոնայի խոսքով՝ արդարացի եւ երկարաժամկետ խաղաղության ճանապարհը բարդ է եւ երկար, բայց դա է միակ ճանապարհը, որը թույլ կտա գտնել լուծում եւ հեռանկարներ երկու երկրների համմար։ Նախարարը տեղեկացրել է, որ արդարացի եւ երկարաժամկետ խաղաղությունը հիմնված է միջազգային իրավունքի հարգման վրա, եւ անցած տարվա հոկտեմբերին Պրահայում արված հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին՝ Ալմաթիի հռչակագրին համապատասխան, կարեւոր քայլ է անվանել։ Այժմ, շարունակել է նախարարը, պետք է ամրապնդել այդ ձեռքբերումը։ Օրինակ, իրականացնել սահմանազատում։
Նախարարը նաեւ հիշեցրել է, որ տարածքային ամբողջականության հարգումը նշանակում է նաեւ հրաժարում ուժային մեթոդներից։ Նախարարը նշել է, որ նույնն ասել է եւ Բաքվում։ Նախարարը հայտարարել է ադրբեջանական ուժերի առաջխաղացման անթույլատրելիության մասին, քանի որ դա հարգանքի բացակայություն է տարածքային ամբողջականության հանդեպ։ «Մենք չենք կարող ընդունել Ադրբեջանի միակողմանի քայլերը»,- ընդգծել է նախարարը։ Նա միաժամանակ ողջունել է ԵՄ առաքելության դերը, քանի որ այն կնպաստի լարվածության թուլացմանը եւ թույլ կտա ԵՄ երկրներին իրենց որոշումները հիմնավորել օբյեկտիվ տվյալներով։ Նախարարը տեղեկացրել է, որ հանդիպել է առաքելության անդամների հետ, ինչպես նաեւ տեղում իր աչքով է տեսել իրավիճակը։
Կատրին Կոլոնայի խոսքով՝ Բաքվում նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքի անցակետը հակասում է հաշտեցման համաձայնագրին։ Եթե Ադրբեջանը հարցեր ունի միջանցքով փոխադրումների հետ կապված, կան լուծման այլ մեթոդներ, այլ ոչ թե միակողմանի քայլեր, նշել է նա։ Նախարարը հիշեցրել է հումանիտար քայլերի կարեւորությունը, օրինակ՝ գերիների եւ պատանդների ազատ արձակումը։ Նախարարը նորից կոչ է արել վերականգնել միջանցքով ազատ երթեւեկը, եւ ընդգծել է, որ դրա շարունակվող շրջափակումը Միջազգային քրեական դատարանի որոշման խախտում է։ Դա անընդունելի է եւ հումանիտար ճգնաժամի վտանգ է ստեղծում Արցախի բնակչության համար, փաստել է Կոլոնան՝ ընդգծելով Արցախի բնակչության իրավունքների եւ երաշխիքների պահպանման անհրաժեշտությունը, որպեսզի բնակչությունը կարողանա ապրել խաղաղության եւ անվտանգության պայմաններում, հարգելով իր մշակույթն ու ավանդույթները։




























