Վիճակագրության կոմիտեն ամփոփել է 2022 թվականի մարդահամարի  նախնական ցուցանիշները:

Ըստ այդմ, մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 մլն 928 հազար 914:

Մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող եւ հաշվառման պահին ներկա եւ ժամանակավոր  բացակա բնակչության թվաքանակների ցուցանիշների հանրագումարը:

Ժամանակավոր բացակաների թվաքանակում ներառված են ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց մարդահամարի պահին  ՀՀ-ից մինչեւ մեկ տարի ժամկետով  բացակա անձինք:

Առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 638 հազար 917 մարդ:

Առկա բնակչության թվաքանակում ներառված են ՀՀ-ում մշտապես բնակվող եւ հաշվառման պահին ներկա եւ ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակների ցուցանիշների հանրագումարը:

Հիշեցնենք, որ 2001թ․ մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 213 հազար 11 մարդ, առկա բնակչության թիվը՝ 3 մլն 2 հազար 598 մարդ:

2011թ․ մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 18 հազար 854, առկա բնակչությանը՝ 2 մլն 871 հազար 771 մարդ։

Նշենք, որ մարդահամարն անցկացնել է 2022 թվականի հոկտեմբերի 13–ից 22–ը: Այն երրորդ մարդահամարն է անկախ Հայաստանում։ Մարդահամարը սովորաբար անցկացվում է տասը տարին մեկ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված, այս անգամ մարդահամարն անցկացվել է մեկ տարի ուշացումով:

Առաջին անգամ Հայաստանում մարդահամարն անցկացվել է ընտրանքային հետազոտությամբ: Սա նշանակում է, որ հաշվարարներն այցելել են պետական ռեգիստրից ընտրված հասցեների 25 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուր չորրորդ տուն, մյուս տնային տնտեսությունների վերաբերյալ ինֆորմացիան կստանան բնակչության պետական ռեգիստրից։