Ղազախստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Դաստան Նուրկելդիեւն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պարեկային ծառայության պետ, գնդապետ Գրիգոր Եղիազարյանի գլխավորած արտասահմանյան պատվիրակությանը, հաղորդում է Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառումը տեղի է ունեցել Ղազախստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ 2023 թվականի համագործակցության պլանի համաձայն: Արտասահմանյան մասնագետների հետ հանդիպումը տեղի է ունեցել Ալմաթիի տարածաշրջանային կայազորի ռազմական ոստիկանության վարչության բազայում։

Մասնակիցները կիսվել են զորքերում իրավակարգի ապահովման եւ կոռուպցիայի դեմ պայքարի, զինվորական ծառայության անվտանգության, զորքերի ծառայության կազմակերպման եւ հակադիվերսիոն գործունեության փորձով: Հայ գործընկերներին ցուցադրվել են սպառազինության, ռազմատեխնիկայի նմուշներ եւ զինծառայողների հանդերձանք:

Ճեպազրույցի ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել Ղազախստանի եւ Հայաստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության մարմինների գծով գործնական փոխգործակցությունը։