Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչությունը, փոխանցում է Anadolu-ն։
Կողմերը քննարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը, ինչպես նաեւ Սիրիայում եւ Սուդանում տեղի ունեցող իրադարձությունները:
Էրդողանը նաեւ նշել է հացահատիկային գործարքի երկարաձգման կարեւորությունը։ Նա հայտնել է Անկարայի պատրաստակամության մասին՝ մասնակցելու միջգերատեսչական պատվիրակության հետ աշխատանքային խմբի գործունեությանը, որը կձեւավորվի Տոլյատիից Օդեսա ամոնիակի տարանցման շուրջ համաձայնության գալու դեպքում:
Անդրադառնալով Սուդանում տիրող իրավիճակին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան «երկիր է, որը կարող է երկխոսություն հաստատել հակամարտության երկու կողմերի հետ»։
Ամոնիակի մատակարարումների վերսկսումը քննարկվում է հացահատիկային գործարքի շրջանակներում։ Ամոնիակը պարարտանյութերի հիմնական բաղադրիչն է։ Տոլյատիից Օդեսա հատուկ ամոնիակատարով դրա տարանցումը դադարեցվել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում հակամարտության պատճառով, հայտնում է «Коммерсантъ»-ը։





























