Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆիննական Yle պարբերականին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ Ուկրաինան հակագրոհ կձեռնարկի: Նա հայտարարել է, որ հավատում է հակագրոհի հաջողությանը, եւ որ Ղրիմի թերակղզին նույնպես կվերադարձվի Ուկրաինային:

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի հաջողությունը կախված է Արեւմուտքի կողմից զենքի մատակարարումից։

«Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ կյանքեր փրկել, ուստի որոշիչ նշանակություն ունի զենքի քանակը»,-ասել է Զելենսկին։

Ընդ որում, նա չի բացահայտել հակագրոհի ո՛չ մանրամասները, ո՛չ ժամկետները։ Այժմ տեղեկություններ են շրջանառվում, որ այն կարող է սկսվել գարնանը կամ ամռան սկզբին։

Զելենսկին նաեւ նախազգուշացրել է այն հնարավորության մասին, որ պատերազմը կշարունակվի տարիներ կամ տասնամյակներ:

«Այլ երկրներին այժմ ավելի ձեռնտու է աջակցել Ուկրաինային, քան բարձրացնել երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկը»,-ասել է Զելենսկին։