Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուրբաթ օրը Թբիլիսի ժամանած Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Քոլոննայի հետ քննարկել է ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը եւ ֆրանսիական աջակցության հարցը, հաղորդում է «Новости-Грузия»-ն։
«Այսօր Վրաստանը գտնվում է Եվրամիության հանձնարարականների կատարման գործընթացում, եւ այս պահին շատ կարեւոր է աշխարհաքաղաքական համատեքստը. Վրաստանը չի կարող ընդունել թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ կրկնակի մերժում, դա դժվար կլինի հասկանալու համար եւ անարդյունավետ կլինի»,-հայտարարել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ երկու երկրների արտգործնախարարների այցերը շատ կարեւոր են Վրաստանի համար նման կարեւոր փուլում: Զուրաբիշվիլին ընդգծել է, որ երկրի բնակչությունն աջակցում է երկրի ինտեգրմանը Եվրոպային, եւ դա հաստատել են մարտի 7-8-ի հանրահավաքները:




























