Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ուրբաթ օրը նոտաներ է փոխանցել Ուկրաինայում Լեհաստանի եւ Եվրամիության ներկայացուցիչներին, որոնցում ԵՄ երկրներ ուկրաինական հացահատիկի ներմուծման սահմանափակումը «կտրականապես անընդունելի» է համարվել, հաղորդում է Reuters-ը:

«Նման սահմանափակումները, ինչով էլ դրանք հիմնավորվեն, չեն համապատասխանում Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրին եւ ԵՄ միասնական շուկայի սկզբունքներին ու նորմերին»,-հայտարարել է նախարարությունը։

«Առկա են բոլոր իրավական հիմքերը ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Սլովակիա եւ Բուլղարիա անհապաղ վերսկսելու, ինչպես նաեւ ԵՄ անդամ այլ երկրներ անխափան արտահանումը շարունակելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան եւ Բուլղարիան արգելք են սահմանել Ուկրաինայից հացահատիկի ներմուծման վրա՝ դա բացատրելով նրանով, որ իրենց ներքին շուկաները տուժում են ուկրաինական էժան ապրանքների պատճառով, որոնց համար հակադեմփինգային տուրքերը չեղարկվել են 2022 թվականի հունիսից։