Միջազգային ԶԼՄ-ները նշել են Սպիտակ տան Թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ունեցած ելույթի մասին, երբ նա, մասնավորապես, կատակել է իր տարիքի մասին եւ մեղադրել ԶԼՄ-ներին ստի մեջ՝ «հանուն շահույթի եւ իշխանության»։
Ինչպես նշել է ВВС-ն, 80-ամյա նախագահն ասել է, որ 92-ամյա մեդիա-մագնատ, Fox News հեռուստաընկերության նախագահ Ռուպերտ Մերդոկը ստիպում է իրեն զգալ որպես 29-ամյա երգիչ Հարի Սթայլս։
Նա նաեւ կատակել է, որ բարեկամություն է արել ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկի՝ Ջեյմս Մեդիսոնի հետ։
Ինչպես տեղեկացրել է Reuters-ը, Բայդենը քննադատել է լրատվական գործակալություններին, որոնք, նրա խոսքով, օգտագործել են «սուտը հանուն շահույթի եւ իշխանության»՝ իր նկատառումներն ուղեկցելով դառը կատակներով Fox News-ի մասին։
Բայդենը հիշատակել է «կեղծիքի տակ թաղված ճշմարտության» մասին՝ ակնհայտորեն նկատի ունենալով դավադրության կեղծ տեսություններն այն մասին, որ իր հաղթանակը 2020թ. ընտրություններում զանգվածային խարդախությունների արդյունք էր։
«Սուտ՝ ասված շահի եւ իշխանության համար։ Սուտ՝ դավադրության եւ չարիքի մասին, որը կրկնվում է նորից ու նորից, եւ նախատեսված է այն բանի համար, որ ցասում, ատելություն եւ անգամ բռնություն առաջացնի»,- ասել է Բայդենը։
Ուշադրությունը կենտրոնացնելով «ծայրահեղական մամուլի» վրա՝ Բայդենը միեւնույն ժամանակ կատակել է, որ եթե Fox News հեռուստաալիքն անվանի «ազնիվ, արդարացի եւ ճշմարտացի, ապա իրեն կարող են դատի տալ զրպարտության համար»։
Այս ամիս ավելի վաղ Fox ընկերությունը Dominion Voting Systems-ի 787,5 մլն դոլարի հայցն էր կարգավորում զրպարտության մասին գործով, որը վերաբերում էր Fox-ի այն հայտարարություններին, որ 2020թ. նախագահական ընտրությունները կեղծվել են հօգուտ Բայդենի։




























