Ուկրաինան որոշ երկրներից ազդանշան է ստացել, որ նրանք պատրաստ են սովորեցնել ուկրաինացի օդաչուներին՝ կառավարել F-16 ինքնաթիռները։ Վճռական խոսքը Վաշինգտոնինն է, տեղեկացրել է УНИАН-ը։

«Առաջընթաց կա։ Մենք հստակ ազդանշաններ ենք ստացել որոշ երկրներից, որ նրանք պատրաստ են սկսել ուկրաինացի օդաչուների պատրաստումը»,- տեղեկացրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռուստամարաթոնի եթերում։

Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինան տեսադաշտից բաց չի թողնում այլ ինքնաթիռները, հենց F-16-ներն են իրենց տեխնիկական բնութագրերով կատարյալ ինքնաթիռներ համարվում։

Ուկրաինան շարունակում է երկրներին կոչ անել երկրի Զինված ուժերին տալ ժամանակակից կործանիչներ երկնքում առավելության հասնելու համար։ Սակայն ԱՄՆ-ն առայժմ կենտրոնացած է այլ տեսակի սպառազինություն, այդ թվում տանկեր մատակարարելու վրա։

Բազմաթիվ փորձագետներ եւ զինվորականներ նշում են, որ առանց օդային աջակցության Ուկրաինայի համար շատ դժվար կլինի հակահարձակման գնալ։