Դասավանդումը Վարշավայում Ռուսաստանի դեսպանությանը կից դպրոցում կվերսկսվի դիվանագիտական շենքերից մեկում, մայիսյան տոներից հետո։ Այս մասին կիրակի ասել է Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, մայիսի 10-ից պարապմունքները կանցկացվեն սովորական ռեժիմով»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ դպրոցի աշխատակիցները դուրս են բերում սարքավորումները լեհական իշխանությունների զավթած շենքից։
«Այսօր դպրոցի աշխատակիցները եւ տեխնիկական անձնակազմը զբաղվում են սարքավորումները դուրս բերելով... Մենք պաշտոնապես բողոքի նոտա կհղենք երեքշաբթի, հանգստյան օրերից հետո։ Այսօր եւ վաղը հանգստյան օրեր են»,- ՏԱՍՍ-ին ասել է դիվանագետը։
Պատասխանելով դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորության մասին հարցին՝ Անդրեեւը նշել է, որ ՌԴ դեսպանությունը Վարշավայում պատրաստ է Մոսկվայի ցանկացած որոշման լեհական իշխանությունների կողմից ռուսական դպրոցի շենքը զավթելուց հետո։
«Որոշումները մեզ մոտ կայացվում են կենտրոնում։ Ինչպես որոշի մեր ղեկավարությունը, այդպես էլ կլինի»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել էր Լեհաստանին Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների կոնվենցիան խախտելու մեջ։ Երեկ՝ ապրիլի 29-ին, Վարշավայի իշխանությունները եկել են ՌԴ դեսպանությանը կից դպրոց, փակել դարպասները եւ սկսել շենքը Լեհաստանի օգտին առգրավելու գործընթացը։





























