Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինվորականները մայիսի 25-ին կսկսեն երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները, դրանք կտեւեն երեք շաբաթ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցչին։

Մանեւրներին կմասնակցեն կործանիչներ, AH-64E Apache մարտական ​​ուղղաթիռներ, հարավկորեական K2 Black Panther տանկեր: Զորավարժությունները կանցկացվեն ԿԺԴՀ-ի հետ սահմանակից Կյոնգիդո նահանգի Պհոչհոն քաղաքի զորափորձարանում։

«Հարավային Կորեայի զինված ուժերի հիմնադրման 75-ամյակի եւ Հարավային Կորեա-ԱՄՆ դաշինքի 70-ամյակի կապակցությամբ զորավարժությունների մասշտաբները, հավանաբար, կլինեն պատմության մեջ ամենամեծը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ազգային պաշտպանության պաշտոնյան, որի անունը չի նշվում:

Մասնավորապես, երկու երկրների զինվորականները կկատարելագործեն Կորեական թերակղզում պոտենցիալ զինված հակամարտության սկզբնական փուլում կամիկաձե անօդաչուների կիրառման սցենարը։ «Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի սցենարի շրջանակում Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն ցույց կտան, թե ինչպես իրենց ճնշող հնարավորությունների շնորհիվ կավարտեն իրենց առաքելությունը ամենակարճ ժամկետում՝ նվազագույնի հասցնելով կորուստները»,- ​​ասել է պաշտոնյան։

 Ըստ Yonhap-ի՝ սա Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի 11-րդ նման զորավարժությունն է 1977 թվականից սկսած: Դրանց կմասնակցեն պետական ​​պաշտոնյաներ, պատգամավորներ, ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչներ։

Արդյո՞ք նախագահ Յուն Սոկ Յոլը կմասնակցի զորավարժություններին, ինչպես դա արեց նրա նախորդը՝ Պակ Կին Հեն 2015 թվականին, չի նշվում: Ներկայումս Սեուլի եւ Փհենյանի հարաբերությունները դեռեւս լարված են. Հարավային Կորեան խորացնում է համագործակցությունը Տոկիոյի եւ Վաշինգտոնի հետ, իսկ ԿԺԴՀ-ն փորձարկում է նոր տեսակի զենքեր, այդ թվում՝ միջուկային լիցքով: