Մերձդնեստրը ռիսկի է ներկայացնում Ուկրաինայի համար, ուստի Ուկրաինան ռազմական ուժեր է ուղարկում Հանրապետության հետ սահման, մասնավորապես՝ Օդեսայի մարզ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
Ուկրաինայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Մերձդնեստրը մնում է Մոլդովայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցը: Նրա խոսքով՝ Կիեւը պատրաստ է ընդունել տարածաշրջանի վերաբերյալ Քիշնեւի ցանկացած որոշում։
«Անշուշտ, Մերձդնեստրը մեր հարավարեւմտյան թեւում ռիսկ է»,-ասել է Կուլեբան TV8-ի եթերում։
Ավելի վաղ Մերձդնեստրի արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատեւը հայտնել է, որ հանրապետությունում իրավիճակը մնում է կայուն եւ վերահսկելի՝ չնայած սահմանին ուկրաինական ռազմական ուժերի տեղակայման մասին տեղեկությանը։




























