Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը միջամտել է ուկրաինական պատվիրակության անդամների գործողություններին, որոնք փորձել են խոչընդոտել Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) նիստում Ռուսաստանի Դաշնային ժողովի մշտական պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օլգա Տիմոֆեեւայի ելույթը:

Anadolu-ի փոխանցմամբ՝ Տիմոֆեեւայի ելույթի ժամանակ ուկրաինական պատվիրակությունը նրա թիկունքում ծածանել է «Աջ սեկտոր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության դրոշը եւ սկսել հակառուսական կարգախոսներ վանկարկել: 

Ռուսական պատվիրակության անդամները փորձել են կանխել ուկրաինական կողմի գործողությունները, տեղի է ունեցել վիճաբանություն։

Տիմոֆեեւայի ելույթի ընթացքում ուկրաինական պատվիրակության ղեկավար Աննա Պուրտովայի տեղը դատարկ է մնացել։

Ուկրաինական պատվիրակության գործողություններին միջամտել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։  Շենթոփը ընդմիջում է հայտարարել եւ պահանջել, որ միջոցառման կանոնակարգը խախտած պատվիրակությունը դուրս բերվի միջոցառման դահլիճից: «Այստեղ կխոսի նա, ում խոսքի իրավունք է տրվել։ Ես թույլ չեմ տա խախտել միջոցառման վարման անդորրը եւ կարգը։ Եթե որեւէ մեկը նման մտադրություն ունի, թող լքի տարածքը»,-ասել է Շենթոփը։

Ուկրաինական պատվիրակությունը շարունակել է բանավոր «հարձակումները» ընդհուպ մինչեւ Տիմոֆեեւայի ելույթի ավարտը։