Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թյերի Բրետոնը նախազգուշացրել է Apple-ին, որ եթե ընկերությունը սահմանափակի  չհավաստագրված USB-C մալուխների ֆունկցիոնալությունը, iPhone-ի վաճառքը կարգելվի։ Այս մասին հայտնում է MacRumors-ը։

2023 թվականին Apple-ը, ըստ լուրերի, կներկայացնի iPhone 15-ը, որը, ի թիվս այլ բաների, կտարբերվի նախորդ սերունդների սմարթֆոններից՝ Lightning-ի փոխարեն ունենալով USB-C միակցիչ։ Apple-ը, ամենայն հավանականությամբ, կկատարի այս նորարարությունը, որպեսզի ընկերության սարքերը լիովին համապատասխանեն ԵՄ նոր օրենսդրությանը, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հոկտեմբերին:

Աքսեսուարների վաճառքից շահույթը պահպանելու համար Apple-ը, ըստ լուրերի, մտադիր է USB-C-ով հավաստագրված մալուխներ թողարկել: Չհավաստագրված մալուխները կարող են  սահմանափակումներ ունենալ տվյալների փոխանցման արագության հետ կապված, ինչը հիմնականում կազդի սմարթֆոնների լիցքավորման արագության վրա։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թյերի Բրետոնը որոշել է նախօրոք գործել։ Նա նամակ է ուղարկել Apple-ին, որում զգուշացրել է ընկերությանը, որ եթե վերջինս սահմանափակի չհավաստագրված սարքերի ֆունկցիոնալությունը, ապա նոր iPhone-ների վաճառքը կարգելվի։ Ճիշտ է, այս արգելքն ուժի մեջ կմտնի միայն նոր օրենսդրության մեկնարկից հետո, այսինքն՝ 2024 թվականի վերջին։