ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից 1 մլրդ եվրոյի հատկացումը Ուկրաինային՝ հրթիռների եւ 155 մմ արկերի գնման համար։ Այս մասին ասվում է Խորհրդի տարածած հայտարարության մեջ։ 

«ԵՄ խորհուրդը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից 1 մլրդ եվրոյի օգնության փաթեթը, որը թույլ կտա ամրապնդել Ուկրաինայի ռազմական հնարավորություններն ու կայունությունը։ Օգնությունը կուղղվի ուկրաինական զինված ուժերին 155 մմ տրամաչափի հրետանային արկերի մատակարարմանը, իսկ եթե պահանջվի, հրթիռների մատակարարմանը, որոնք ԵՄ երկրները համատեղ կգնեն եվրոպական ռազմական արդյունաբերությունից»,-ասվում է փաստաթղթում։

Փաստաթղթում նշվում է, որ այդ գումարը հատկացվել է միայն ԵՄ երկրների եւ Նորվեգիայի ձեռնարկություններից զինամթերք գնելու համար, եւ գնման պայմանագրերը պետք է կնքվեն մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 30-ը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով փոխհատուցում ստանալու համար։  

«Նախորդ որոշման հետ մեկտեղ՝ առկա պաշարներից շտապ արկեր մատակարարել, ԵՄ-ն արդեն երկու միլիարդ եվրո է հատկացրել այդ նպատակով՝ Եվրամիության ընդհանուր ռազմական օգնությունը (միայն Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով եւ առանց հաշվի առնելու ԵՄ պետություններից ուղղակի մատակարարումները) հասցնելով 5,6 միլիարդ եվրոյի»,-հայտարարության մեջ մեջբերվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքը: