«Republic» հակամիապետական խմբի առաջնորդը և մյուս անդամները ազատ են արձակվել շաբաթ   թագավոր Չարլզ 3-րդի թագադրման ժամանակ ձերբակալվելուց հետո, ինչը հարցեր է առաջացրել ոստիկանության արձագանքի համաչափության մասին, տեղեկացնում է  Reuters-ը։

Ոստիկանությունը ձերբակալել էր խմբի առաջնորդ Գրեմ Սմիթին և ևս 51 մարդու Լոնդոնի կենտրոնում, երբ թագավորի հազարավոր երկրպագուներ շաբաթ հավաքվել էին փողոցներում Չարլզ 3-րդի թագադրմանը, հայտարարելով, որ անկարգությունները կանխելու իրենց պարտքը գերակշռել է բողոքի իրավունքը։

Republic-ը տեղեկացրել է, որ խմբի ձերբակալված անդամներին սկսել են ազատ արձակել շաբաթ ուշ երեկոյան՝ գրեթե 16 ժամ կալանքի տակ պահելուց հետո։

Ոստիկանությունը շաբաթ հայտարարել է, որ հասկանում է հասարակության անհանգստությունը ձերբալությունների առիթով, բայց ասել է նաև, որ իրենք գործել են այն բանից հետո, երբ տեղեկություն են ստացել, որ բողոքողները լի են եղել թագադրումը տապալելու վճռականությամբ։

Լոնդոնի ոստիկանապետ Մարկ Ռոուլին ուրբաթ զգուշացրել էր, որ ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի, եթե բողոքողները փորձեն «խոչընդոտել մարդկանց հաճույքին ու տոնակատարությանը»՝ հայտարարելով, որ խախտումների նկատմամբ «շատ ցածր հանդուրժողականություն է լինելու»։

Տասնյակ հազարավոր մարդիկ էին շաբաթ դուրս եկել փողոց՝ նայելու թագադրված Չարլզ թագավորին և Քամիլա թագուհուն, որոնք Վեստմինստերյան աբբայությունում արարողությունից հետո տոնական կառքով վերադառնում էին Բուկինգհեմյան պալատ։ Ոչ բոլորն էին եկել Չարլզին ոգևորելու համար, հարյուրավոր հանրապետականներ սուլում էին ու թափահարում ցուցապաստառները, որոնց վրա գրված էր․ «Իմ թագավորը չէ»։

Մշակույթի նախարար Լյուսի Ֆրեյզերը հայտարարել է, որ ինքը շատ է վստահում ոստիկանությանը և նշել, որ բողոքի իրավունքի հետ միասին մարդիկ նաև  իրավունք ունեն մտածելու, որ իրենց չեն խանգարի կյանքը վայելել։