Իրանում երկու մարդ մահապատժի է ենթարկվել համացանցում աթեիզմ քարոզելու, հակաիսլամական քարոզչություն իրականացնելու եւ Ղուրանն այրելու համար, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով երկրի դատական իշխանության մամուլի կենտրոնին:
Դատավճռի հիման վրա մահապատժի են դատապարտվել Սադրոլլա Ֆազելի-Զարեն՝ Մարգարեին վիրավորելու, դավանափոխության, Մարգարեի մոր նկատմամբ աստվածանարգության, Ղուրանը այրելու միջոցով պղծելու, սուրբ հասկացությունները վիրավորելու եւ այլ անձանց մասնավոր լուսանկարներ հրապարակելու մեղադրանքով՝ առանց նրանց համաձայնության, եւ Յուսեֆ Մեհրդադը՝ Մարգարեին վիրավորելու համար։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Մեհրդադն ու Ֆազելի-Զարեն, օգտագործելով իրանական հեռախոսային եւ ֆրանսիական վիրտուալ համարները, ստեղծել եւ կառավարել են համապատասխանաբար 15 եւ 20 ինտերնետային համայնքներ եւ ալիքներ, որոնք զբաղվում էին աթեիստական եւ հակաիսլամական քարոզչությամբ եւ վիրավորում էին մահմեդականների համար սրբազան հասկացություններն ու անհատներին։ Հետաքննության ընթացքում հայտնաբերվել են նաեւ տեսագրություններ, որոնք վկայում են այն մասին, որ նրանք այրել են Ղուրանը։





























