Յուտայում 66-ամյա տղամարդը սպանվել է ոստիկանների կողմից փոխհրաձգության ժամանակ։ Նա կասկածվում է եղբորը դռան շեմին սպանելու մեջ, հայտնում է B911-ը։
Ըստ հրատարակության՝ 66-ամյա տղամարդը Կալիֆոռնիայից՝ Լոնգ Բիչից եկել էր Յուտայի նահանգի Հյուսիսային Օգդեն, որտեղ ապրում էր նրա եղբայրը։
Տեսախցիկի նկարահանած կադրերում երեւում է, որ տղամարդը սեղմել է դռան զանգը, որից հետո եղբայրը բացել է դուռը։ Նրանք որոշ ժամանակ զրուցել են շեմին կանգնած, հետո տղամարդը հանել է ատրճանակը եւ սկսել կրակել եղբոր վրա։ Տղամարդը տեղում մահացել է, նրա կինը հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է։
Հարեւանները լսել են կրակոցների ձայները եւ ոստիկանություն կանչել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են ձերբակալել հանցագործին, բայց նա սկսել է կրակել նրանց վրա։ Ոստիկանները պատասխան կրակոցով սպանել են տղամարդուն։
Հաղորդվում է, որ կասկածյալը փորձել է նաեւ այրել եղբոր տունը։ Սպանության դրդապատճառները պարզվում են։





























