Ամերիկյան Լուիզիանա նահանգի բնակչին քրեական հանցագործության մեղադրանք է ներկայացվել. նա կրակել է 14-ամյա աղջկա վրա, երբ աղջիկը եւ մի քանի երեխաներ պահմտոցի էին խաղում նրա տարածքում, տեղեկացրել է USA Today-ը։

58-ամյա Դեւիդ Դոյլը ձերբակալվել եւ ուղարկվել է ուղղիչ կենտրոն՝ ծանրացնող հանգամանքներում վնասվածքներ պատճառելու, հրազենի օգտագործմամբ չորս էպիզոդների եւ հրազենի անօրինական օգտագործման մեղադրանքով, տեղեկացրել են Կալկասիե օկրուգի շերիֆի գրասենյակում։

Իշխանությունները տեղեկացրել են, որ հրաձգությունն սկսվել է կիրակի վաղ առավոտյան Սթարքսում (Լուիզիանա), Տեխասի նահանգի սահմանից ոչ հեռու։

Շերիֆի գրասենյակի հաղորդմամբ՝ աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանները մեկնել են Սթարքս՝ տեղեկություններ ստանալու եւ հետաքրքրվելու 14-ամյա աղջկա վիճակով։

Ավելի ուշ դետեկտիվները պատահարի վայրում իմացել են, որ մի քանի երեխաներ պահմտոցի են խաղացել այդ շրջանում եւ թաքնվել հարեւանի տարածքում։

Երբ դետեկտիվները խոսել են Դոյլի հետ, նա ասել է, որ ստվերներ է նկատել իր տան մոտ  եւ մտել է ներս, որպեսզի վերցնի հրազենը։ Հետո վերադարձել է փողոց, տեսել մարդկանց, որոնք փախչում էին իր սեփական տարածքից, սկսել է կրակել նրանց ուղղությամբ եւ «պատահաբար կրակել աղջկան»։