Toyota Motor Corp ընկերությունը հայտարարել է Ճապոնիայում մոտ 2,15 մլն վարորդների տվյալների արտահոսքի մասին, տեղեկացրել է Reuters-ը։
Տեղեկությունը հասանելի է դարձել ընկերության ամպային համակարգում կարգավորումների սխալի պատճառով։ Այն ներառում է տրանսպորտային միջոցների գտնվելու վայրի, ինչպես նաեւ դրանց իդենտիֆիկացիոն համարանիշների մասին տվյալները։ Հայտնի է, որ տվյալները վերաբերում են 2013թ. նոյեմբեր – 2023թ. ապրիլ շրջանին։
Արտահոսքից տուժել են այն վարորդները, որոնք եղել են T-Connect-ի, ինչպես նաեւ G-Link-ի (Lexus մակնիշի ավտոմեքենաների համանման սերվիսի) պաշտոնական հավելվածի օգտատերերը։ Toyota-ում հայտարարել են այն մասին, որ իրենք չունեն վկայություններ, որ կիբեռգրոհների հետեւանքով հասանելի դարձած տվյալներն օգտագործվել են, բայց ներողություն են խնդրել հնարավոր անհարմարությունների համար։
Ընկերությունում հավաստիացրել են, որ արտահոսքի հայտնաբերումից հետո տվյալների արգելափակման եւ դրանք ընդհանուր հասանելիությունից հեռացնելու միջոցներ են կիրառվել։ Կատարվում է ընկերության ամպային սերվիսների աշխատանքի քննություն՝ արտահոսքի պատճառները պարզելու համար։





























