Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողները ժամանակավորապես բացեցին Արշակունյաց պողոտան և վերադարձան դատարանի բակ։
Նրանք հայտարարեցին, որ սա հետքայլ չէ, ակցիան լինելու է շարունակական, սակայն այս պահին ճանապարհը բացում են և վերադառնում դատարանի բակ երթևեկությանը չխոչընդոտելու համար։
Այսօր դատարանը քննում էր Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը։
Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվել է, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։
Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։
Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։





























