Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում այսօր՝ հուլիսի 17-ին, տեղի է ունեցել «Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի եւ «168 ժամի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:
Հիեցնենք՝ 2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում եւ կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երեւանի դե ֆակտո քաղաքապետ, Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին: Տեսանյութը վերնագրված էր՝ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը»: Նրանում օգտագործվել են Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, բացառապես բաց աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին: Պարզվում է, Տիգրան Ավինյանը չի սիրում ճշմարտության հետ առերեսվել եւ դիմել է դատարան՝ ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու եւ դրամական փոխհատուցում վճարելու պահանջով: Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա կալանք 9 միլիոն դրամի չափով դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունն էր գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել, այլեւ «168 ժամ» ՍՊԸ-ի անշարժ գույքի վրա նույն չափով՝ եւս 9 միլիոն դրամ կալանք դնելու միջնորդությունը՝ մերժելով շարժական գույքի եւ դրամական հաշիվների վրա կալանք դնելու միջնորդությունը: Տիգրան Ավինյանը պահանջել էր 18 միլիոն դրամի արգելանք դնել լրագրող Դավիթ Սարգսյանի ու «168 Ժամի» գույքերի ու հաշվի վրա:
Բարձրացված աղմուկից հետո Տիգրան Ավինյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու հարցով:
Նախնական դատական նիստում հայցվորի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը ներկայացրել է հայցի բովանդակությունն ու իրենց դրամական պահանջները: Որոշակի ընթացակարգային հարցերի քննարկումից հետո դատարանն առաջարկել է դատական նիստը ընդհատել, քանի որ Տիգրան Ավինյանը եւ նրա ներկայացուցիչը չէին ստացել պատասխանողների պատասխանները: Դատարանը որոշեց եւս մեկ նախնական դատական նիստ նշանակել սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:45-ին:
Դատական նիստից հետո պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասաց, որ հայցապահանջն ակնհայտ անհիմն է եւ ենթակա մերժման.
«Իմ կարծիքով՝ յուրաքանչյուրը, որը կծանոթանա հայցադիմումին, կհասկանա, որ այն իրապես հստակ չէ: Ներկայացուցիչն էլ չկարողացավ հստակեցնել, որովհետեւ մի դեպքում որոշակի արտահայտություններ որակես որպես վիրավորանք, հետագայում ասաց՝ ոչ, դրանք վիրավորանք չեն, այլ մեկն է վիրավորանք: Ինչ վերաբերում է կոնկրետ հայցապահանջին, նշում է կատարվում ընդհանուր բնույթի հերքում, սակայն չի մասնավորեցվում՝ կոնկրետ ինչը պետք է հերքվի: Այստեղ կա նաեւ խնդիր վնասի հատուցման ձեւակերպման հետ կապված, որովհետեւ օրենսդիրը վնասի հատուցում չի սահմանում, այլ փոխհատուցում է սահմանում: Տուժող կողմի ներկայացուցիչը ֆիքսեց, որ իրենց արդեն իսկ պատճառվել է գործարար վնաս»:
Արամազդ Կիվիրյանն ասաց, որ պատասխանոց կողմն իր դիրքորոշումն ավելի հստակեցված կներկայացնի հաջորդ դատական նիստին. «Ստացվում է իրավիճակ, որ կողմը չի վիճարկում այն փաստերը, որոնց հիման վրա կատարվել են եզրահանգումներ եւ գնահատող դատողություններ, սակայն այն եզրահանգումները, որոնք կատարվել են, դրանք դիտարկում է որպես վիրավորանք եւ զրպարտություն, որը, կարծում եմ, անիրավաչափ է, որովհետեւ եթե չես վիճարկում փաստը, չես կարող եզրահանգումները դիտարկել որպես ոչ իրավաչափ»:





























